#Set_an_example
Կանանց հաջողության պատմությունների հանրային իրազեկման արշավ
Մարդու իրավունքների պաշտպանը 2020 թ.-ի մարտի 8-ից ապրիլի 7-ը մեկնարկել է կանանց հաջողության պատմությունների հանրային իրազեկման արշավ, որը նպատակ ունի կոտրել հասարակությունում կանանց դերի վերաբերյալ կարծրատիպերը և հաջողված պատմություններով ոգեշնչել հասարակությանը։


Իրազեկման արշավն ուղեկցվել է #Դարձիր_օրինակ հայերեն և #Set_an_example անգլերեն հեշթեգերի ներքո:

ԼՅՈՒԴՄԻԼԱ ՊԵՏՐՈՎՆԱ
Կինը կարող է մասնակցել պետության կառավարմանը և լինել որոշում կայացնող․ համայնքի ղեկավար

ՍԻՐԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Երազում եմ հայրենիքս միշտ ազատ լինի և ունենալ ամուր ընտանիք. կուրսանտ

ՆԱԻՐԱ ՄԵՍՐՈՊՅԱՆ
Հաշմանդամությունը խոչընդոտ չէ․ ունեցել եմ նպատակ և գնացել այն իրականացնելու ճանապարհով
ԼՈՒՍԻՆԵ ԲԱՐԱԹՅԱՆ
Կինն ընտանիքի կարիքների համար սկսել է պատրաստել կիսաֆաբրիկատներ և դարձել մարզում առաջատար
«Բանտից հետո կյանքը դժվար է, բայց պետք է առաջ շարժվել և չվհատվել»
ՀԱՍՄԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Սկզբում ունեի 4 տեսակ արտադրանք, հիմա՝ 60. այն, ինչ սիրով ես անում, անհնար է չստացվի». կին ձեռներեց
ԱՆՆԱ ՄԻՆԱՍՅԱՆ
Ցանկացած դժվարության մեջ ես հիշում եմ՝ հանուն իմ ընտանիքի պետք է լինեմ ուժեղ. Աննա Մինասյան
ՔՐԻՍՏԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
«Իմ օրինակով սովորեցրել եմ հարգել համազգեստ կրող կնոջը, վերաբերվել տղամարդկանց հետ հավասար». դասակի հրամանատար
Տեսանյութերը համագործակցության արդյունքում ցուցադրվել են նաև Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո » հաղորդման շրջանակներում, ինչպես նաև տարածվել է լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կոչ է արել միանալ #Դարձիր_օրինակ  հանրային իրազեկման նոր արշավին եւ ուղարկել կանանց հաջողության պատմություններ: 

Մարդու իրավունքների պաշտպանի #Դարձիր_օրինակ կոչին միացել են Տավուշի մարզի Կողբ գյուղում բնակվող երկվորյակ քույրիկները։ Ներկայացնում ենք նրանց պատմությունը։

«Մենք՝ Սյուզաննա և Ռուզաննա Աղաբաբյան երկվորյակ քույրերն ենք:

Կյանքի գրեթե բոլոր պարագաներում, մենք հանդես ենք եկել միասին՝ այդպես, կարողնանում ենք ներկայանալ աշխարհին ավելի ամբողջական՝ կարծես մեկս մյուսիս լրացնում ենք: Այս անգամն էլ, բացառություն չէ:

Մենք՝ ծնվել ենք 1993 թվականի, հոկտեմբերի 13-ին, Տավուշի մարզի Կողբ գյուղում:

Կյանքի սկզբնական փուլում, 2 տարեկանում ձեռք ենք բերել հաշմանդամություն, հենաշարժողական խնդիր:

Տարիների հետ հասկացանք, որ մենք ինչ- որ տեսանկյունից «տարբերվում» ենք մեր համադասարանցիներից, հասակակիցներից, ընդհանրապես հասարակության մյուս անդամներից: Հասկացանք, որ մեր առաջ երկու ճանապարհ կա ուղենշված․ կա՛մ հաշտվել ստեղծված իրավիճակի հետ, ու այդ ամենից ելնելով մեկուսանալ ինքներս մեր մեջ, դուրս չգալով հասարակություն, կա՛մ ընտրել պայքարի ուղին և վայելել մեզ տրված կյանքը, ինչպես կա, իր բոլոր գույներով:

Մենք միանշանակ ընտրեցինք երկրորդը՝ պայքարի ուղին: Ստանալով մեր ծնողների և ամբողջ ընտանիքի լիակատար աջակցությունը, մեր կյանքի ճանապարհը գծագրելու, կառուցելու ցանկացած փուլում: Այս ամենը նայելով և ընդունելով, որպես ինչ-որ առումով հնարավորություն և առաքելություն, փոխելու, թե՛ մեր, թե՛ մեզ շրջապատող աշխարհի և մարդկանց կյանքը:

2002 թվականին ընդունվել ենք տեղի Բ. Սահակյանի անվան 2-րդ միջնակարգ դպրոցը: 2012-ին ավարտելով այն, նույն թվականին ընդունվել ենք Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի Մանկավարժության և հոգեբանության բաժինը, 2017 թվականին ավարտելով այն, նույն թվականին ընդունվել ենք Խ. Աբովյանի անվան Պետական մանկավարժական համալսարանի Սոցիալական մանկավարժության բաժինը: 2019 թվականին ստացել ենք մագիստրոսական աստիճան: Այս մասնագիտությունների ընտրությունն էլ պատահական չէր: Մեր ստացած մասնագիտական գիտելիքները, հմտություններն ու կարողությունները լավագույնս կարող էինք ծառայեցնել ի նպաստ հասարակության: Հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաներին, երիտասարդներին և նրանց ընտանիքներին աջակցման համար:

Զուգահեռաբար, մասնակցել ենք տարբեր սեմինար քննարկումների՝ առաջնորդության, կանանց իրավունքների և շահերի պաշտպանության, երիտասարդության խնդիրների թեմաներով:

2009 թվականից մինչև 2011 թվականը եղել ենք «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Նոյեմբերյանի մասնաճյուղի սան, և մասնակցել իրենց կողմից կազմակերպված մի շարք միջոցառումների, ծրագրերի: 2010 թվականին մասնակցել ենք կենտրոնում իրականացվող «Երիտասարդ առաջնորդների դպրոց»-ի կողմից իրականացվող առաջնորդության դասընթացին:

2012 թվականին մասնակցել ենք ԹՈՒՄՈ կենտրոնի կողմից իրականացվող, TEDxKids@Yerevan երիտասարդ բանախոսների ամենամյա փառատոնին:

2013 թվականին «Հույսի կամուրջ» ՀԿ Նոյեմբերյանի մասնաճյուղում աշխատել ենք կամավորական սկզբունքով, ստեղծելով բանավեճի ակումբ «Երիտասարդության ձայնը» խորագրով: 2013-2015 թվականներին աշխատել ենք կազմակերպությունում որպես ծրագրային աշխատակիցներ՝ «Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք» ծրագրում, որը միտված էր հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկվածությանը, սեփական իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև միջին մասնագիտական կրթության ապահովվմանը: Այս ծրագրի շրջանակներում երիտասարդների համար իրականացրել ենք նաև միջին մասնագիտական կրթության դասընթացներ՝ վարսահարդարում, մատնահարդարում, սեղանի ձևավորում, չրագործություն մասնագիտություններով՝ համագործակցելով Նոյեմբերյանի պետական քոլեջի հետ: Դասընթացների ավարտին մասնակից երիտասարդներին տրվել է դիպլոմ:

2016- 2017 թվականին աշխատել ենք կազմակերպության կողմից իրականացվող «Հարավային Կովկասում աղետների և ռիսկերի նվազեցմանը միտված ծրագրում», զուգահեռաբար աշխատել ենք նաև «Ապրենք միասին, սովորենք միասին» ծրագրում, որպես սեմինարավարներ, ներառական կրթության թեմայով:

2018 թվականից մինչ օրս աշխատում ենք «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Նոյեմբերյանի մասնաճյուղում՝ որպես սոցիալական մանկավարժներ՝ մասնագիտական մեր կարողություններն ու հմտությունները տալով 3- 18 տարեկան երեխաներին, երիտասարդներին և նրանց ընտանիքներին:

2016թ. մասնակցել ենք նաև Տավուշի թեմի կողմից իրականացված կիրակնօրյա դպրոցի ուսուցիչների վերապատրաստման դասընթացին, որի արդյունքում ստացել ենք մանկավարժի որակավորում և շուրջ 2 տարի աշխատել «Հույսի կամուրջ»- ում՝ Նոյեմբերյանի և հարակից գյուղերի երեխաներին տալով հոգևոր կրթություն:

Ստացել ենք նաև միջին մասնագիտական կրթություն մատնահարդարի որակավորմամբ:

Շատ սիրելով լրագրությունը, որոշեցինք մեր ուժերը փորձել նաև այդ ոլորտում: Աշխատել ենք տարբեր կայքերում՝ womennet.am, Culture.am, Irakan. Info և այլ կայքերում: Ներկայումս աշխատում ենք Erevanstyle.com –ում՝ որպես Տավուշի մարզի թղթակիցներ:

Հավատարիմ մնալով մեր սկզբնական խոսքին, և դուրս գալով գործնական և թվագրված ոճից՝ Ձեզ ենք ուզում ներկայացնել մեր հետաքրքրությունների մեկ այլ շրջանակ․ մանկուց ստեղծագործում ենք և 2015 թվականին հրատարակել ենք մեր առաջին գիրքը՝ «Եռանկյունի» խորագրով, որտեղ զետեղված են շուրջ 10 տարվա մեր ստեղծագործությունները, ինչպես նաև մեր պապիկի՝ Գուրգեն Աղաբաբյանի անտիպ ստեղծագործությունները:

Այսօր էլ մենք մեր գրիչը վայր չենք դրել և շարունակում ենք ստեղծագործել…:

Իսկ այժմ, խոսենք նաև մեր ապագա պլանների մասին: Մենք մեծագույն նպատակ ենք դրել մեր առջև, խորացնելով մեր գիտելիքներն ու ամրապնդելով մեր կրթական մակարդակը, նաև դառնալ դասախոս, կրթել ապագա սերունդներին, և սովորեցնելով սովորել: Ինչպես նաև ունենք մի շարք այլ նպատակներ:

Մենք առաջնորդվում ենք հետևյալ կարգախոսով, որ կյանքում ոչինչ պատահական չի լինում և միանշանակ սա էլ պատահական չէ: Եվ, եթե վերադառնանք մեր սկզբնական խոսքին, ապա սա իսկապես մի նոր հնարավորություն է, ինքներս մեզ նորովի բացահայտելու, և այդ բացահայտումները ի նպաստ հասարակության ծառայեցնելու: Չէ, որ, եթե փորձենք աշխարհը նմանեցնել օվկիանոսի, ապա յուրաքանչյուրս այդ օվկիանոսի մի կաթիլն ենք»:

Սյուզաննա և Ռուզաննա Աղաբաբյաններ
Մարդու իրավունքների պաշտպանի #Դարձիր_օրինակ կոչին միացել է «Մեր տունը» հիմնադիր նախագահ Տիգրանուհի Կարապետյանը։


Ներկայացնում ենք նրա պատմությունը


«1988-ի երկրաշարժը շրջադարձային եղավ իմ կյանքում․ կորցրեցի եղբայրներիս, տունս ու մնացի ձեռնունայն ինձ նետված մարտահրավերին դեմ հանդիման։ Երկու ընտրություն ունեի․ կա՛մ հանձնվել կյանքի հորձանուտին ու ապրել օրվախնդիր հարցերը մի կերպ լուծելով, կա՛մ պայքարել ոտքի կանգնելու և իմ նմաններին օգնելու համար։ Ընտրեցի 2-րդ տարբերակը, և այդ օրվանից կյանքս բաժանվեց երկու մասի․ երկրաշարժից առաջ և հետո․․․Ամուսնացա, տեղափոխվեցի Էջմիածին, բայց ներսումս անհանգստություն կար բոլոր այն երեխաների համար, որոնք անտուն ու անծնող են մնացել։ Նպատակ դրեցի ծնողական խնամքի կարիք ունեցողներին իմ շուրջը հավաքել ու փարատել միայնությունը, լցնել նրանց հոգու դատարկությունն ու զբաղվել այդ երեխաների կրթությամբ ու դաստիարակությամբ։


Ամուսնուս օգնությամբ և բարի մարդկանց ֆինանսական աջակցությամբ ստեղծեցի «Մեր տունը» կազմակերպությունը, որտեղ պետք է ապրեին մանկատների շրջանավարտ աղջիկները։ Ընտանիքի և օջախի մոդելով ստեղծված «Մեր տունը», իրոք, տաք անկյուն դարձավ մի քանի տասնյակ աղջիկների համար, որոնց ճակատագրերը մանկաատունն ավարտելուց հետո մատնվելու էր անտարբերության։


Մարդկային ճակատագրերի նկատմամբ ընդգծված վերաբերմունք ունեմ։ Չեմ կարողանում անտարբեր անցնել օգնության կարիք ունեցողների կողքով։

Անընդունելի եմ համարում, երբ մարդկանց ծաղրում կան մատով են ցույց տալիս միայն նրա համար, որ նման չեն իրենց։ Իմ շուրջը հավաքեցի նաև այն աղջիկներն, որոնք հաշմանդամություն կամ մարդկանց հետ շփվելու խնդիրներ ունեն։

Հատուկ մասնագետների օգնությամբ այդ երեխաներին կյանքի կոչեցի, սեփական խնդիրները հաղթահարելու այբուբենը սովորեցրեցի, որ կարողանան ինքնուրույն դիմակայել կյանքի փորձություններին։

Ինքնավստահության և ինքնագնահատման այնպիսի դասեր ստացան, որ հաշմանդամություն ունեցող աղջիկներից մեկը կյանքի ընկեր ընտրելու հնարավորություն ունեցավ։

Ամուսնացավ համակրելի երիտասարդի հետ ու առողջ բալիկ լույս աշխարհ բերեց։

Կյանքից ստացած հարվածներն ինձ այնքան են ուժեղացրել, որ այլևս ոչ մի դժվարության առաջ չեն ընկրկում։ «Մեր տունը» ստեղծելու ճանապարհին էլ, նաև՝մինչև օրս, այդ դժվարությունները կան, դժվարությամբ, բայց հաղթահարում եմ հանուն Աստվածահաճո գործի, հանուն այն աղջիկների, որոնց մայր ու քույր է պետք, ընտանիք, դաստիարակություն ու կրթություն է պետք։

Երբեմն սեփական փորձս եմ օրինակ դարձնում, որ հասկանան՝ կամքն ամեն ինչ է ցանկացած խոչընդոտ հաղթահարելու համար։

Անհամեստ չեմ լինի, եթե ասեմ՝ ես եմ կոտրել մանկատան աղջիկների բարդույթավորված կարծրատիպը։ Շնորհիվ իմ ղեկավարած կազմակերպության՝ տասնյակ ընտանիքներ հասկացել են, որ մանկատան աղջիկը ևս կարող է լավ հարս, հոգատար կին ու նվիրված մայր լինի։

20 աղջիկ եմ ամուսնացրել, 30 թոռնիկ ունեմ։ Բոլոր աղջիկներն էլ իսկական զարդ են այն ընտանիքներում, որտեղ հարս են գնացել։ Երջանիկ եմ, երբ նրանց երջանիկ եմ տեսնում։

Սա այն գնահատականն է, որ ստանում եմ տարիների տքնաջան աշխատանքիս շնորհիվ։ Ես այստեղ ուժեղ մարդիկ եմ «կերտում», սովորեցնում գնահատել սեփական անձն ու արժանիքները և դրանք ճիշտ մատուցել։

Երբեմն այնքան եմ տարվում աղջիկներով ու նրանց կյանքով, որ մոռանում եմ սեփական հոգսերս։ Ավելի շատ «Մեր տանն» եմ լինում, քան իմ տանը։

Ես ամուր ու կայուն տանիք եմ ստեղծել, որի ներքո ապրողները չեն կարող անտարբեր լինել միմյանց նկատմամբ։ Իմ ստեղծած տանը բոլորը քույրեր են, որոնք պետք է հոգ տանեն իրար մասին, սիրեն, պաշտպանեն միմյանց, օգնեն դժվարությունների մեջ, սատարեն անկեղծորեն․․․Սա է, որ սովորեցնում եմ ու հոգ տանում, որ այստեղից ստացածը տանեն իրենց հետ ուր էլ որ գնան։

Ինչ-որ առումով, ես օգնել և օգնում եմ պետությանը՝մանկատան շրջանավարտ աղջիկների կյանքը կառուցելու գործում։

«Մեր տուն»-ն այն ցատկահարթակն է, որտեղից մեծ կյանք են մտնում երիտասարդ աղջիկներ արդեն պատրաստ բոլոր դժվարություններին։ Ամենայն պատասխանատվությամբ եմ վերաբերվում յուրաքանչյուրին։

Ամենահուզիչն այն պահերն են, երբ երեխայի ծնունդից հետո առաջինն ինձ են զանգում՝աչքալուսանք տալիս։ Ճիշտ այնպես, ինչպես կշնորհավորեն իրական տատիկին։ Սա ևս գնահատական է, որն իմ աշխատանքի ամենամեծ ցուցիչն է․․․

Ես շարունակում եմ աշխատել, շարունակում եմ հոգ տանել ծնողական խնամքից զրկված աղջիկների մասին։ Այնքան եմ խորացել լքված աղջիկներին կյանք վերադարձնելու գործի մեջ, որ եթե ինչ-որ պահի թուլանում էլ եմ, հասարակությունն ինքն է ստիպում զգաստանալ։

Ձեռքս անընդհատ աղջիկների նոր սկսվող կյանքի զարկերակին է, արդեն չեմ էլ պատկերացում առանց իրենց, առանց իրենց խնդիրների ու պատճառած հոգսերի։ Չնայած այդ ամենին՝ իրենց շատ եմ սիրում, ամեն ինչ անում եմ, որ կյանքի նկատմամբ հետաքրքրությունը չկորցնեն, մարդկանց սիրել ու ներել կարողանան»։ 

Տիգրանուհի Կարապետյան
«Մեր տունը» հիմնադիր նախագահ
Մարդու իրավունքների պաշտպանի #Դարձիր_օրինակ կոչին առաջինը միացել է ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Աշտարակի տարածքային գործակալության մասնագետ Դիանա Սարգսյանը։


Ներկայացնում ենք նրա պատմությունը


 «Ես 24 տարեկան էի, երբ հայրս մահացավ: Նրա մահը շատ ծանր տարա, վշտից անշարժացա, ինքնուրույն չէի կարողանում քայլել, նստել, պառկել: Մի կերպ հագնվում էի, փակվել էի իմ մեջ, ասես աշխարհից կտրված լինեի, միայն ֆիզիկապես էի այս աշխարհում ներկա: Աշխատանքից էլ դուրս եկա:

Հորս նոր կորցրած մայրս հիմա էլ ինձ համար էր պայքարում, տանն ինձ մոտ իրեն ուժեղ ու հանգիստ էր ցույց տալիս, իսկ աշխատավայրում ինձ համար լաց լինում: Իսկ ես այնքան էի իմ մեջ փակվել, որ անգամ ցավեր ունեի, մի բան էի ուզում, բայց չէի խոսում, գիշեր-ցերեկ խառնվել էր ինձ համար: Սկսեցինք երկարատև բուժումը, նորից սովորեցի ինքնուրույն քայլել, նստել: Հիշում եմ, երբ առաջին անգամ ինքնուրույն լողացա, ուրախությունից լաց եղա: Բայց եկավ հաջորդ փորձությունը: Մի օր արթնացա ու հասկացա, որ չեմ լսում: Նորից փակվեցի իմ մեջ: Սկսեցինք բժշկից բժիշկ վազել, անալիզներ ու հետազոտություններ անել, լսողության կորստի պատճառ գտնել ու բուժել: Պատճառն այդպես էլ չգտան, բուժումն էլ մի փոքր վերականգնեց լսողությունս: Այստեղ ինձ համար ճակատրագական դարձավ մորս որոշումը, ես պետք է տանից դուրս գամ, ես պիտի նորից աշխատեմ: Ասես վերևներում էր այդպես որոշված, որ մեր քաղաքում սոցիալական աշխատողի ազատ աշխատատեղ գտանք: Քանի որ քաղաքացիական ծառայողի պաշտոն էր, պետք է մրցույթի մասնակցեի: Մասնակցեցի, հաղթեցի ու նշանակվեցի աշխատանքի: Շատ ուրախ էի, ոգևորված, ասես նորից սկսում էի ապրել: Բայց մեջս վախ կար, ախր աշխատանքս մարդկանց հետ էր, իսկ ես նորմալ չէի լսում: Մորս ասացի` ախր մամ, ականջներս լավ չեն աշխատում, ես ո՞նց եմ աշխատելու, իսկ մայրս պատասխանեց` «ուղեղդ հո՞ աշխատում է»:


Հաջորդ օրն ուրախ ու ոգևորված գնացի աշխատանքի և սկսվեց հաջորդ դժոխքը: Աշխատավայրում հայտարարեցի, որ լավ չեմ լսում, ուստի խնդրում եմ ինձ հետ խոսելիս մի փոքր բարձր խոսել: Գործընկերներս էլի ոչինչ, իսկ այ վերադասը սրերով լուրն ընդունեց ու սկսեց հոգեբանորեն ինձ ճնշել, որ աշխատանքից ազատման դիմում գրեմ: Ասաց, որ պետք է սկզբից զգուշացնեի, որ լավ չեմ լսում, շուտ իմանային չէին ընդունի աշխատանքի, որ չլսելու պատճառով չեմ կարողանա աշխատել, քաղաքացիները կբողոքեն, ինձ համար էլ լավ կլինի, եթե ազատման դիմում գրեմ: Այդ պահից իմ մեջ արթնացավ իմ պայքարող ու չհանձնվող տեսակը: Ասացի, որ դիմում չեմ գրի, դեռ շուտ է ասել, որ քաղաքացիները կբողոքեն, որ չեմ կարողանա աշխատել, որ կգնամ բժշկական քննություն կանցնեմ, տեղեկանք կվերցնեմ աշխատունա՞կ եմ, թե` ոչ:


Պետն էլ անցավ գրոհի, մեկ ամիս ոչ մի գործ չտվեցին, ոչինչ չէի անում, ոչինչ չէին հանձնարարում, 9-ից 6-ը նստած էի: Բայց չեմ բողոքում, դեռ մի բան էլ շատ շնորհակալ եմ: Պայքարի մեջ մտա հասարակության, կարծրատիպերի, խտրականության, իմ շրջապատի ու ինքս ինձ հետ, սկսեցի այսօրվա Դիանա Սարգսյանին կերտել:

Այդ ընթացքում լսողական սարք գնեցի, նորից բուժում ստացա, իսկ աշխատավայրում առավոտից երեկո կարդում էի: Կարդացի սոցիալական աջակցության ոլորտի ողջ իրավական ակտերը, անգամ գործընկերիցս վերցրի իրենց նախկինում անցած վերապատրաստումների նյութերը, մասնագիտությանս տեսականորեն գերազանց տիրապետում էի, կամաց-կամաց սկսեցի գործընկերներիս օգնել ու այդպես 2005թ.-ից առ այսօր աշխատում եմ:

Գլուխս չեմ գովում, այս տարիների ընթացքում դարձա իմ շահառուների, գործընկերների ու վերադասի սիրելին ու հպարտությունը, մինչ այժմ ոչ մի բողոք:
Շարունակում եմ ինքնակրթվել` մասնագիտական գրքեր, վերապատրաստումներ, սեմինարներ, գիտաժողովներ: Սիրում եմ իմ երկրորդ մասնագիտությունը (առաջինը` դպրոցի հոգեբան և անգլերեն լեզվի ուսուցիչ), սիրում եմ օգնել մարդկանց: Հաստատ չեմ կարող ասել, բայց կարծում եմ սահմանափակ կարողությունով միակ սոցիալական աշխատողն եմ:
Աշխատանքում ինձ շատ են օգնում գործընկերներս, հայացքիցս հասկանում են, որ մի բան լավ չլսեցի ու նույնը մի քիչ բարձր ինձ են ասում, իսկ տունայցերը, դե՛, միասին ենք անում: Ես մնացի, մի քանի պետ փոխեցի, առաջին պետս էլ ինձ հանդիպելուց ամաչում է երեսիս նայել: Իմ չլսելը դարձավ իմ այցեքարտը, ասում են` էն չլսող աղջիկը դո՞ւ ես, ասում եմ` այո, ու միասին ժպտում ենք:

Մեր գործակալության պետը ժողովին հրահանգում է` բացի Դիանայից ոչ մեկի հետ բարձր ձայնով չխոսեք ու բոլորս ծիծաղում ենք… 2014-ին 35 տարեկանում ամուսնացա, բայց միասին ապրեցինք 10 օր: Իմ հիվանդությունների մասին ամուսինս գիտեր, ասաց, որ իր համար դա կարևոր չէ, կարևորը ես եմ, որ ամեն ինչ կանի լսողությունս վերականգնելու ու ողնաշարս ուղղելու համար: Բայց ամուսնանալուց հետո ամեն ինչ փոխվեց, երբ ինքն էլ համոզվեց, որ իմ հիվանդությունները խրոնիկ են, սկսվեց հոգաբանական բռնությունը` ես հիվանդ եմ, ձևացնում եմ, որ լավ չեմ լսում, ես հիվանդ երեխա կունենամ, իրեն հիվանդ երեխա պետք չի, ինքը ինձ պահի, թե իր երկու տղաներին (ամուսնալուծված էր, երկու չափահաս որդի ուներ, իր հետ էին բնակվում) ու շարունակական կենցաղային վեճեր: Չդիմացա: Երբ ասացի, որ հետ եմ գնում, ասաց` դա իմ ընտանիքին ու ինձ պատիվ չի բերի, ի՞նչ կմտածեն մարդիկ, ես էլ ասացի` թքած ունեմ:

Այսօր իմ կյանքում կա տղամարդ, ով ինձ սիրում ու ընդունում է այնպիսին, ինչպիսին կամ, ով արդեն 5 տարի ինձ համար ընկեր է, հենարան ու պաշտպան, ով ցավերիս ժամանակ կողքս է, ով անընդհատ չի շեշտում իմ կոր մեջքը կամ քայլվածքը, ով ինձ համոզեց մեքենա վարել սովորել, որովհետև թույլ լսողությունը դատավճիռ չէ, ով չի հոգնում 11 անգամ նույն բանը կրկնել, եթե 10 անգամ ասաց ու ես չլսեցի: Այնպես ստացվեց, որ այդպես էլ մայր չդարձա, բայց էլի չեմ նեղվում:

Բնությունից ինձ տրված ողջ մայրական սերն ու բնազդը տալիս եմ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ու նրանց ընտանիքներին: Ուզում եմ իմ քաղաքում այդ երեխաների ու նրանց ընտանիքների համար աջակցման կենտրոն կամ խմբակ բացել: Առաջարկս ոգևորությամբ ընդունեց ներկայիս պետը և ասաց, որ ամեն ինչում կաջակցի իրականացնել իմ ծրագիրը: Ուզում եմ բոլորի համար օրինակ դառնալ, սովորեցնել պայքարել, չհանձնվել, թևաթափ չլինել, ուզում եմ իրենց ու իրենց երեխաների վրա խաչ չքաշեն, եթե առողջական որևէ խնդիր ունեն, չմեկուսանան, չթաքցնեն, չվախենան, ուզում եմ օգնել կյանքում իրենց տեղը գտնել, ամեն ինչում լավը տեսնել, եթե մի բան չստացվեց, ոչինչ:


 Ինչպես ասում են` մի փնտրեք երջանկություն, այլ ինքներդ դարձեք երջանկության աղբյուր: Այս տարիների ընթացքում սովորեցի չամաչել ու չթաքցնել «թերություններս»: Նախկինում մազերս երկար էին, որ լսողական սարքս չերևա, իսկ հիմա կարճ սանրվածքով եմ: Հանգիստ դիմացինին զգուշացնում եմ, որ լավ չեմ լսում ու խնդրում ինձ հետ փոքր ինչ բարձր խոսել: Չեմ թաքցնում, որ սկոլիոզ ու Բեխտերևի հիվանդություն ունեմ: Հա՛, միգուցե մեջքս ուղիղ չեմ պահում, ուղիղ չեմ քայլում, բայց ՔԱՅԼՈՒՄ եմ, ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ եմ, հիմա էլ մեքենա վարել եմ սովորում, մեքենա եմ գնել: Այն քարացած աղջկանից կարողացա կերտել ինքնավստահ, հաջողակ ու ՊՈԶԻՏԻՎ մարդու: Սիրում եմ ինձ, իմ կյանքը, իմ շրջապատը, իմ աշխատանքը, իմ ընտանիքը, սիրում եմ բոլորին»: 

Դիանա Սարգսյան
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Աշտարակի տարածքային գործակալության մասնագետ
Մարդու իրավունքների պաշտպանի #Դարձիր_օրինակ կոչին այս անգամ միացել է բնական չրերի արտադրությամբ զբաղվող Աննա Ասատրյանը:

 Ներկայացնում ենք նրա պատմությունը, ինչպես նաև «ՀԲԸՄ կին ձեռներեցներ» ծրագրի շրջանակում (AGBU Armenia) նրան տրամադրված աջակցության մասին պատմող տեսանյութը: Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է կանանց կարողությունների հզորացմանն ուղղված ծրագրի իրականացումը:

 «Ողջույն, ես Աննան եմ, ապրում եմ սահմանապահ Զանգակատուն համայնքում: Զանգակատունը մեծն Սևակի ծննդավայրն է, ես էլ իր քեռու թոռնուհին:
28 տարեկան էի, երբ որոշում կայացրի ամուսնալուծվել: Երկու բալիկներիս հետ՝ 6 և 3 տարեկան գնացի:
Գնացի պատկերացում անգամ չունենալով՝ ինչ եմ անելու, ոնց եմ պահելու երկու երեխաներիս: Միայն գիտեի, որ այլևս երբեք թույլ չեմ տա ինձ նվաստացնել, թեև ինքնագնահատականս այդ պահին 0 էր:
Երկար ժամանակ տևեց մինչև ընդունեցի իմ ամուսնալուծվածի կարգավիճակը և հաշտվեցի այդ ամենի հետ, ինձ թվում էր բոլորը ինձ են նայում ու ամուսնալուծված լինելը իմ թերությունն էի համարում: Անցան տարիներ, հաղթահարելով այդ կարծրատիպերը, քիչ-քիչ վերականգնվեցի, սկսեցի մտածել նորից սովորելու, զարգանալու և ինքնակրթվելու մասին:
2013 թվականն էր, երբ տեղափոխվեցի հայրենի Զանգակատուն և աշխատանքի անցա գյուղի ամբուլատորիայում: Ծնողներիս հետ չէի ապրում, առանձին տուն էի վարձել ու երեխաներիս հետ էի ապրում: Գյուղի աշխատանքը լավ էր, բայց քիչ էր ինձ համար, ինքնառեալիզացման խնդիր կար: Տեսակով ակտիվ եմ, սիրում եմ պրպտել, սովորել: Եվ ամեն օր գնալ գործի և գալ տուն դա ինձ համար քիչ էր:
Մտածում էի ինչ կարող եմ անել ես: Սկսեցի գույքագրել գյուղի ռեսուրսները, որպեսզի հասկանամ ինչ կարող եմ անել: Այն ինչ անելու էի պետք է անեի սիրով, լիներ հավելյալ եկամտի աղբյուր մեզ համար, բացի դա նաև օգտակար լիներ համայնքի համար: Ստեղծվեր այնպիսի արտադրանք կամ ծառայություն, որի պահանջարկը կար սպառողների շրջանում:
Երկար մտածելուց հետո ընտրեցի բնական չրերի արտադրությունը: 2016 թվականն էր, երբ իմ այգու բերքով սկսեցի պատրաստել չրեր: Այդ ժամանակ անգամ մինիմում գումար չունեի, բայց սկսեցի: Այդ տարի ոչ ոք լուրջ չվերաբերվեց իմ սկսած գործին, թերահավատորեն էին վերաբերվում այդ ամենին, համոզում էին ինձ, որ չեմ կարող, ինչ բիզնեսի մասին է խոսքը, լավ կլինի իմ երեխաների դաստիարակությամբ զբաղվեմ: Ամուսնալուծված կինը ի՞նչ բիզնես:
Եվ այսպես շարունակ լսում էի միայն չոգևորող խոսքեր, որոնց ուշադրություն չէի դարձնում, հավատ ունեի իմ նկատմամբ, այնքան սիրով էի անում, ցերեկը աշխատում էի, գիշերն էլ չիր պատրաստում: Քանի որ մենակ էի սկսել, կողքից էլ միայն թերահավատ վերաբերմունք էր, հասկանում էի, որ շատ պիտի աշխատեմ, որ արդյունք տեսնեմ, հույսս միայն ես էի: Ու էսպես դանդաղ քայլերով սկսեցի գնալ առաջ, բիզնես սեմինարների մասնակցեցի, դրամաշնորհ ստացա և մեծացրի ծավալները:
Արդեն 3.5 տարի է գործում ենք, մեր արտադրությունը կոչվում է «Արփի» բնական չրեր: Ամեն տարի ավելացրել ենք և՛ տեսակները, և՛ սարքավորումները, և՛ տարածքը:
Հիմա էլ դեռ շատ գործ կա անելու. սառնարանային պահեստ պետք է պատրաստենք այս տարի, որովհետև արտադրանքի ծավալները բավականին շատացել են:
Ամեն օր եմ հաղթահարում խոչընդոտներ, ամեն օր մի նոր մարտահրավեր է բացվում, բայց դրանք ինձ չեն թուլացնում:
Հորդորս բոլոր կանաց, խոչընդոտները հաղթահարվում են, եթե դրանց վերաբերվում եք որպես լուծվող ամենօրյա հարցի: Երեխաներս հիմա 16 և 13 տարեկան են, օգնում են ինձ ամեն ինչում, աշխատողներ ունեք:
Սիրելի կանայք սիրե՛ք ձեզ, հավատացե՛ք ձեզ, եղե՛ք ինքնավստահ, առաջ նայե՛ք:
Դուք եք ձեր կյանքի ճարտարապետը»:

Աննա Ասատրյան
Բնական չրերի արտադրության հիմնադիր
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

Human Rights Defender of Armenia.
56a Pushkin St Yerevan
Phone: +374 537651
E-mail: ombuds@ombuds.am
Site: ombuds.am
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website